3.10.17

Անթարգմանելի վիպակի նորոյթները

ԱՆԻ ՓԱՇԱՅԵԱՆ
Լաւագոյն վէպերն ու վիպակները ծնւում են, որպէսզի ցոյց տան կեանքի անհարթութիւնները եւ ազդարարեն նրանց հետ ոչ մի կերպ չհամաձայնուելը: Այդպիսի գործեր ընթերցելիս համոզւում ես, որ հաշտուողականութիւնը հասարակութեանը վայրէջքների է տանում: Արծուիի (Արծուի Բախչինեան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը հէնց այդպիսի ենթատեքստ ունի՝ չյարմարուել: Մի՞թէ ճիշտ է այն ամէնը, ինչ հրամցնում են. անգամՙ յատուկ անունները, բոլորի կողմից ընդունուած բարքերը: Եւ այս ամէնը վիպակի սկզբից մինչեւ վերջ հաստատում է Մուչիկը՝ նոյն ինքը՝ Թաթուլ Թաթուլեանը: Տաղանդաւոր այս մարդը, որ նկարչութեան մէջ է գտնում իրեն, թափառում է ամէնուր՝ այդպէս էլ չհասկանալով՝ ո՛րն է այն վայրը, որտեղ լիովին երջանիկ կը զգայ, ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ կ՚ուզենար ապրել: Եւ լուռ կրում է Հայրենիքի ցաւը՝ մտօք երբեք չհեռանալով նրանից: Նա հաւաքական կերպարն է շատ հայերի, ովքեր հեռուից են սիրում Հայրենիքը՝ կարօտի մեծ չափաբաժնով: Եօթ տարին մէկ Հայաստան այցելող Մուչիկը կարծես Երկրագնդի վրայով հապճեպ քայլող մէկը լինի, որն անվերջ շտապում է:
Վիպակն ընդգրկուն է, ֆաբուլային բնորոշ զարգացումներով՝ 20-րդ դարի 60-ականներից մինչեւ մեր օրերը, այսինքն՝ անդրադարձ է այդ շրջանի ամենայիշարժան դէպքերին, հերոսների շուրթերով պատմում է հասարակական կեանքի ողջ անցուդարձը, Հայաստանի տակնուվրան, մարդկանց թաքուն երազանքներն ու պատկերացումները կեանքի մասին: Այս ամէնի կենտրոնում Մուչիկն է՝ իրատես անկեղծութեամբ: Գրողը ոչ մի թաքուն անկիւն կամ գաղտնիք չի պահում ընթերցողից. «մատուցում է» իր հերոսին՝ հաստատելով, որ գրական պատումի ազնուութիւնն ու անկեղծութիւնն են պայմանաւորում երկի յաջողութիւնը:
Հեղինակը շերտ առ շերտ բացում է հերոսի կեանքը, այդպիսով՝ մի ամբողջ սերնդի կենսագրութիւն: Ունենալով գրեթէ ամէն ինչ (հոգեւոր եւ նիւթական յենակէտեր)՝ նա (եւ նրա պէս՝ շատերը) «դուրս է նետւում»՝ իբր կայանալու եւ հաստատուելու, որն այդպէս էլ չի յաջողւում: Մուչիկն իսկապէ՛ս զբաղուած է վազելով: Օտար բոյրերը կանչող են թւում, հաւատ ներշնչող: Լեհաստան, Ֆրանսիա, Ամերիկա, Արգենտինա... Աշխարհի հետ է, նրա միջով՞ այդ բոլոր երկրների նեարդաթելերով: Ամէն նոր երկրում՝ նոր եւ, թւում է, ամենամեծ սէրն է սպասում իրեն, ամէն բաժանումից յետոյ՝ նոր կիրք: Բայց բոլորն էլ՝ ժամանակաւոր, անապագայ, ինչպէս պարզւում է: Եւ միայն մի պատահական հանդիպում պիտի որոշի նրա ճակատագիրը, մի քանի օրուայ վայելքը մարմնաւորուած կանգնի իր դիմաց եւ ասի՝ ահա՛ քո որդին, այն, ինչ չարեցիր դու, կ՚անեմ ես: Ե՛ս կ'ապրեմ քո եւ իմ երկրում, կը պաշտեմ քո լքածը: Այս ճշմարտութիւնն է յառնում ընթերցողի առաջ ստեղծագործութեան վերջին էջերում:
Արծուին ընթերցողի սեղանին է դրել մի շատ հետաքրքրական վիպակ, ինչպէս ինքն է անուանում՝ անթարգմանելի: Անզուսպ ծիծաղ առաջացնող բազմաթիւ հատուածների խորքից լսւում է գրողի հառաչանքն ու ցաւը իրականութեան նկատմամբ, այնպէս, ինչպէս Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկաններ» վէպում: Ժողովրդախօսակցական, երբեմն «անթոյլատրելի» բառերի կամ ժարգոնի տեղին կիրառութիւններն ու օտարաբանութիւններն է՛լ աւելի են խտացնում միջավայրի կենդանութիւնը, լսելի են դարձնում նոր ձայներ, որ մինչ այդ չէին «լսուել»: Այլ երկրների եւ ժողովուրդների կենցաղը, բարքերը, սովորութիւնները գրողը տալիս է ոչ ինքնանպատակ: Դրանով նա դարձեալ ընդգծում է հակադրութիւնները Մուչիկի եւ նրա շրջապատի միջեւ՝ դրանք պահելով մշտապէս լարուած ու տրոփուն: Այո՛, այս հերոսին միշտ պակասում է էլի՛ ինչ-որ բան: Նա չի գտնում իրեն, ինչ-որ բան այնպէս չէ... Այս ամէնն արտայայտւում է անընդհատական շարժմամբ, հետաքրքրաշարժ երկխօսութիւններում: Վիպակն արագընթաց տեմպ ունի, այս առումով առկայ է մի կարեւոր առանձնայատկութիւն՝ արձակի ռիթմը փոթորկուն է: Այն յաճախ պայթում է արտասովոր մի նոր գրոտեսկից, էպատաժից, բառախաղից, քրքիջ յարուցող տեսարանից, անսովոր նկարագրութիւնից, որի վերջում հնչող երգը դարակազմիկ իր ճանաչելիութեամբ փակում է եւս մի ստացուած տեսարան: Սա նաեւ թատերականացուած վիպակ է, իւրայատուկ բեմ, որտեղ կարող են միանգամից շատերը լինել: Հերոսների վառ եւ արտայայտիչ նկարագրութիւնները եւս հեռու չեն գրողի ուշադրութիւնից, ինչը յաճախ է անտեսւում վերջին շրջանի հայ եւ համաշխարհային արձակի համապատկերում:
«Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը պիտի նշանաւորի արդի հայ արձակի զարգացման ուղիներից մէկը, քանի որ շրջադարձային է՝ բերում է նորոյթների խումբ: Հոգեզննութեան եւ իրականութեան բաց պատկեր է՝ ազգային հոգեբանութեան շատ գծերով: Իր նոր հայեացքով ջարդում է մի շարք կարծրատիպեր՝ վիպական լեզուի եւ մտածողութեան առումով: Բազմաձայնութեամբ, ինքնատիպ հերոսների առատութեամբ, պատումի թափանցիկ սրատեսութեամբ, այլ ժողովուրդների կենցաղի, հանդերձանքի ցուցադրութեամբ՝ դարձեալ իր ուշադրութեան կենտրոնում է պահում հայ մարդու՝ թափառել սիրելու եւ ամէնուր լինելու մարմաջը: Պատմողը հետեւում է ոնդիկ (թափառական) Մուչիկի վիպական շնչառութեանը՝ բոլոր քայլերում երբեք չկտրելով նրան դէպքերի զարգացումներից: Այս առումով ճիշտ է ընտրուած վիպակի վերնագիրը:

Վիպակը ժամանակի մեծ ընդգրկում ունի՝ անընդհատ բացելով նրա սպիները, քաղքենիութեան արմատները, պատմական անցքերը... Պատմողը սահուն անցումներով է տանում հերոսի եւ երկրի կեանքը, որ յաճախ միանում ու նոյնանում են: Արտաքուստ չափազանց ծիծաղելի, ներքին հոսքում՝ դրամատիկ՝ տալիս է ժամանակի ախտանիշները, ամենակարեւորը՝ դրանցից թօթափուելու բանալիները: Այն խտացումն է հայկականութեան բազմաշերտ գոյների եւ ինքնատիպ բնաւորութիւնների, երբեմն կարողանում է ընդգրկել անընդգրկելին: Ակսել Բակունցը «Կեօրես»-ում ստեղծեց ազգային գոյների, տրամադրութիւնների, բարքերի, մարդկային նկարագրերի, հին ու շէնշող քաղաքի կերպարը:
Արծուին, իր վիպակում ներկայացնելով հայ իրականութիւնը, առաջ տարաւ մարդու ճակատագիրը՝ մէկ մարդու առանձին կերպարը դարձնելով համոզիչ եւ ընդհանրական, յստակ ցոյց տալով, որ աշխարհում կախարդական ու գունաւոր երկրներ չկան, քանի դեռ մարդը երջանիկ չէ:
Սա «ձայնային» արձակի վառ օրինակ է, տողերից «լսւում» է կեանքը, որ երբեք կանգ չի առնի: Մուչի՞կը... Նրա ճակատագի՞րը: Պատմողը շարունակում է զարգացնել նրա կեանքը, որը շատ անելիքներ ունի: Նա դեռ յիսուն տարեկան է...

«Ազգ-Մշակոյթ», 29 Սեպտեմբեր 2017

No comments:

Post a Comment