2.8.17

«Նահապետի աշունը»՝ պոէմ բռնակալի եւ նրա մենութեան մասին

ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ
 
«Անտարես» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Գաբրիէլ Գարսիա Մարկէսի «Նահապետի աշունը» վէպը: Իսպաներէնից գիրքը թարգմանել է Կառա Չոբանեանը:
Ինչպէս նշւում է գրքի անոտացիայում`մոգական ռէալիզմի շնչով յագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոէմ, բազմաձայն մենախօսութիւն բռնակալի եւ նրա մենութեան մասին:
2000 թուականին «Նահապետի աշունը»  հայերէն հրատարակուել էր Ռուբէն Յովսէփեանի թարգմանութեամբ (*): Թարգմանութիւնն արուել էր ռուսերէնից:

- Ինքս առաջին անգամ շատերի նման կարդացել եւ հիացել եմ վէպով լուսահոգի Ռուբէն Յովսէփեանի թարգմանութեամբ, յետոյ նոր միայն բնագրով,- ասում է Կառա Չոբանեանը,- եւ պատասխանատուութիւնս շատ մեծ էր նրա առաջ: Այնպէս պիտի թարգմանէի, որ Ռուբէն Յովսէփեանը ինձ չասէր՝ եթէ սա պիտի լինէր արածդ գործը, ի՞նչ կարիք կար բնագրից թարգմանել, եթէ ես արդէն մի փայլուն թարգմանութիւն արել էի, թող որ ռուսերէնից: Ափսոս, որ չհասցրեց տեսնել:

- Ինչո՞վ է առանձնանում նոր թարգմանութիւնը, ի՞նչ տարբերութիւններ է տեսնելու ընթերցողը:
- Տարբերությունները շատ-շատ են: Ես իմ թարգմանութիւնը նախադասութիւն առ նախադասութիւն  համեմատել եմ հայերէն եւ ռուսերէն թարգմանութիւնների հետ:
Ռուբէն Յովսէփեանը շատ բարեխիղճ, տեքստին հաւատարիմ, փայլուն թարգմանութիւն է արել ռուսերէնից: Չկայ ոչ մի շեղում տեքստից՝ աւելացնել, պակասեցնել, նախադասութիւնը շրջել եւ այլն: Միակ տարբերութիւնն այն է, որ, բնագրին ծանօթ չլինելով, Ռուբէն Յովսէփեանը գրողական հոտառութեամբ զգացել է, որ վէպի միջավայրին աւելի համահունչ են խօսակցական, բարբառային, հնաոճ բառերը, եւ շատ հաճախ ռուսերէն հասարակ բառերի փոխարէն նման հոմանիշներ է ընտրել: Այն, ինչ ասելու եմ, չի վերաբերում Ռուբէն Յովսէփեանի կատարած աշխատանքին, այլ միմիայն ռուսերէն թարգմանութեանը:

Ռուս թարգմանիչը ուղղակի խեղդել է Մարկէսին: Կան բաց թողնուած հատուածներ,  գռեհկաբանութիւնները մեղմացուել են,  էրոտիկ տեսարանները` հանուել: Հասկանում եմ, որ խորհրդային շրջան էր, եւ նման բաներն անթոյլատրելի էին գրականութեան մէջ, բայց դրանք չեն ամենագլխաւոր թերութիւնը: Մարկէսն իր այս գործը գրել է այնպիսի մի ոճով, որը նման չէ նոյնիսկ իր միւս ստեղծագործությունների ոճին, եւ որին շատ դժուար է որեւէ անուն տալ: Վէպում նախադասությունները սկսւում եւ չեն ավարտւում, երբեմն անցնելով 20 էջի սահմանները: Ամբողջ ստեղծագործութիւնը ունի մի քանի պարբերութիւն եւ ընդամէնը 126 նախադասութիւն: Ռուսերէն թարգմանութեան մէջ դա չէք տեսնի: Ընդհանուր առմամբ նախադասութիւնները երկար են, բայց հազուադէպ է վերջակէտը դրուած այնտեղ, որտեղ Մարկէսն է դրել: Այսինքն` չի պահպանուել այս ստեղծագործութեան ամենաակնառու եւ գլխավոր իւրայատկութիւններից մէկը`սկսուող եւ չավարտուող նախադասութիւնները, որ շատ սահուն շաղկապուած են եւ մինչեւ վերջակէտը ոչ մի տեղ չեն տրոհւում:
Չեմ հասկանում` ռուս թարգմանիչը չի՞ կարողացել սահուն իրար միացնել նախադասութիւնները, թէ՞ չի ցանկացել, թէ՞ միտումնաւոր է արել պարզապէս այս բարդ ստեղծագործութիւնը ընթերցողի համար հեշտացնելու նպատակով, յամենայն դէպս կամայական տեղերում վերջակէտեր է դրել, իսկ նոր նախադասութիւն սկսելու համար հարկ է եղել նոր բառեր ներմուծել, որոնք բացակայում են բնագրում:
Կամ շատ յաճախ թարգմանիչը սկսում է բացատրութիւններ տալ, որոնց կարիքը բնաւ չկայ: Օրինակ՝ մի տեղ Մարկէսը շատ հակիրճ ասում է «հետագայում զօրանոցի վերածուած եկեղեցու պատի տակ»: Թարգմանութեան մեջ կարդում ենք. « ...զօրանոցի պատի տակ: Այդտեղ մի ժամանակ եկեղեցի էր եղել, որը հետագայում զորանոցի էր վերածվել»: Մարկէսն օգտագործում է բարբառային, հնացած բառեր, որոնք հաւանաբար իր տատից է լսել, եւ որոնք այժմ գործածութիւնից դուրս են եկել, չկան բառարաններում եւ անծանօթ են նոյնիսկ կոլումբիացիներին: Ինքս մեծ դժուարութեամբ, ֆորումներում հարց ու պատասխանների արդիւնքում եմ գտել այդ բառերի բացատրութիւնը:

-Ի՞նչ դժուարութիւններ էք յաղթահարել երկարաշունչ նախադասութիւնները, տեքստում առկայ հայհոյախօսութիւնները փոխանցելու համար:
- Հեշտ չի եղել, որովհետեւ հայերէնի եւ իսպաներէնի շարադասութիւնները տարբեր են գոյական-ածական, յատկացուցիչ-յատկացեալ դեպքում, եւ թարգմանելիս յաճախ կտրւում էր կապը յաջորդ նախադասութեան հետ: Իմ խնդիրն էր միաժամանակ պահպանել Մարկէսի ոճը, խօսքի տեմպը, ռիթմն ու յանգը՝ չկորցնելով նախադասութիւնների միջեւ եղած կապը: Իմ ստորակէտն ու վերջակէտը դրուած են նոյն տեղում, որտեղ դրել է Մարկէսը:
Երկար եմ կանգ առել այն հատուածում, երբ գեներալը այբուբենն է սովորում: Բնագրում տարբեր տառերի համար մանկական ոտանաւորներից հատուածներ կամ առանձին նախադասութիւններ են բերուած, որտեղ համապատասխան տառը հաճախ է կրկնւում: Բառացի թարգմանելու դէպքում անհասկանալի, անհեթեթ բան պիտի ստացուէր: Ի դէպ, ռուս թարգմանիչը բառացի է թարգմանել, եւ իրօք, անհասկանալի է, օրինակ, թե ինչու է ս տառը սովորելիս գեներալը այլ տառերով սկսուող մրգերի ու բանջարեղէնների անուններ թուարկում: Ստիպուած եմ եղել յանգաւորուած նախադասութիւններ յօրինել, որտեղ յաճախ կրկնուի նոյն տառը, բայց եւ միտքը շատ հեռու չլինի բնագրից, թէեւ այդ նախադասութիւնները ամենեւին կարեւոր չէին բուն տեքստի համար, ընդամէնը պատկեր են ստեղծում, թե ինչպէս է գեներալը մանկան պես կարդալ սովորում:
Ինչ վերաբերում է հայհոյանքներին, ոչ միայն այս վէպում, այլ առհասարակ իսպանալեզու գրականութեան մէջ սովորական են հայհոյանքը, գռեհկաբանութիւնը, բայց խնդիրն այն է, որ իսպաներէնում բոլոր հայհոյանքները կարելի է գտնել բոլոր բառարաններում, իսկ հայերէն հայհոյանքները շատ գռեհիկ են եւ բառարանային չեն: Պետք էր գտնել ոսկէ միջինը՝ մի բան, որը շատ մօտ լինէր բնագրին, բայց եւ չհասնէր փողոցի մակարդակի:

-«Հարյուր տարվա մենութիւն»ը համաշխարհային գրականութեան գլուխ գործոցներից էր, ամենակարդացուող եւ թարգմանուող ստեղծագործութիւններից մէկը: Ի՞նչ արձագանգ գտաւ «Նահապետի աշունը»:
- Մարկէսն իր ամենակարեւոր ստեղծագործութիւնը համարել է «Նահապետի աշունը»: Բայց վէպի առաջին տպաքանակը նոյն թափով չի սպառուել, ինչ «Հարիւր տարուայ մենութիւն»ը, եւ դա Մարկէսին ցաւ է պատճառել: 1982-ին գրականութեան ոլորտում Նոբէլեան մրցանակը նրան տրուել է վէպերի եւ պատմուածքների համար, որոնցում երեւակայութիւնը եւ իրականութիւնը միախառնուելով՝ արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կեանքը եւ կոնֆլիկտները։ Նոբէլեան մրցանակը կոնկրետ ստեղծագործութեան համար չի տրւում, բայց բնորոշումից հասկացւում է, որ մրցանակը տրուել է «Հարիւր տարուայ մենութեան» համար, եւ Մարկէսն այնքան է զայրացել դրանից, որ ցանկացել է ոչնչացնել «Հարիւր տարուայ մենութիւն»ը, ինչը, ի հարկէ, անհնար էր:
Ինքս էլ վէպն առաջին անգամ կարդալուց յետոյ այնքան տպաւորուած եմ եղել, որ զարմացել եմ, թէ ինչո՞ւ է «Հարիւր տարուայ մենութեան» անունը թնդում ամբողջ աշխարհում, եթէ Մարկէսն այսպիսի վէպ էլ է գրել, որ շատ աւելի հանճարեղ է ու հզօր թէ՛ թեմայով, թէ՛ մոգական ռէալիզմից էլ հեռուն գնացող գրական արժանիքներով, եւ այս գործն այնքան եմ կարեւորում, որ երբ մտածում եմ, եթէ որեւէ մէկն ինձ երբեւէ հարցնի, թէ ընթերցողին ի՞նչ խորհուրդ կը տաս կարդալ, բայց միայն մի գրքի անուն կարող ես տալ, ես առանց տատանուելու հենց այս վէպի անունը կը տամ:

-Բայց մի՞թէ «Նահապետի աշունը» չի արտացոլում մի ամբողջ մայրցամաքի կեանքը եւ կոնֆլիկտները:
-Արտացոլում է, բայց ոչ այն համայնապատկերով եւ ընդգրկմամբ, ինչ «Հարիւր տարուայ մենութիւն»ը: «Հարիւր տարուայ մենութիւն»ը, որքան էլ վերնագրում առկայ է «մենութիւն» բառը, աւելի շատ արտացոլում է կեանքը, իսկ «Նահապետի աշունը» վէպում մենութեան գաղափարը շատ աւելի խորն է: Մարկէսը բռնակալի միջոցով խօսում է անհատի մենութեան մասին, եւ նրա բնորոշմամբ այս վէպը պոէմ է բռնակալի եւ նրա մենութեան մասին:

-Նահապետը մարմնաւորում է Լատինական Ամերիկայի երբեւէ գոյութիւն ունեցած բռնակալների՞ն, թէ՞ կոնկրետ կերպար կայ հիմքում:
- Կոնկրետ կերպար չկայ: Լատինական Ամերիկայի պատմութիւնը կարելի է ընդհանրացնել, որովհետեւ երկրների մեծ մասն անցել է նոյն ուղիով: Եւրոպացիները գաղութացրել են, յետոյ սկսուել են ազատագրական շարժումներ, եւ արդիւնքում իշխանութեան են եկել ազատագրողները`զինուորականները` հաստատելով ռազմական դիկտատուրա: Վէպում ոչ մի կոնկրետ երկիր չի նշվում: Նահապետին մարմնաւորելիս Մարկէսը մի կերպարի մէջ խտացրել է ոչ միայն Լատինական Ամերիկայի գրեթէ բոլոր երկրների բռնակալներին, այլեւ բռնակալներին առհասարակ, քանի որ բռնակալներն ամէնուր եւ միշտ նոյնն են:

- Ի՞նչ կը տայ գիրքը հայ ընթերցողին:
- Վէպում արտացոլուած իրականութիւնը անծանօթ չէ մեզ: Մեր տատերն ու պապերը, ծնողներն ապրել են ստալինեան բռնապետութեան օրօք: Մենք ինքներս այսօր ապրում ենք ժողովրդավարութեան շղարշով սքօղուած աւտորիտար երկրում: Մենք գիտենք, թէ ինչ բան է բռնապետութիւնը, բայց մենք ամէն ինչ տեսնում ենք դրսից: Մարկեսը մեզ հնարաւորութիւն է տալիս տեսնելու իրականութիւնը նաեւ ներսից, որի մասին մենք միայն ենթադրութիւններ կարող ենք անել: Մարկէսը մեզ ցոյց է տալիս, որ բռնակալներն իրականում ողորմելի, վախկոտ, միայնակ մարդիկ են: Վէպն իր ամբողջ դաժանութեամբ հանդերձ, աւարտւում է լաւատեսութեամբ: Նկատի չունեմ նահապետի մահը, որովհետեւ այն ընկալում եմ որպես բռնակալական մի ամբողջ դարաշրջանի աւարտ:  Մարկէսը յոյս է տալիս, որ ինչ բռնապետութիւն էլ լինի, որքան էլ աշունը ձգուի, միեւնոյն է, ցանկացած բռնապետութիւն ունենալու է իր վախճանը:

«Մեդիամաքս» (http://www.mediamax.am/am/news/BookHouse/24490/), 29 Յուլիս 2017

---------------------------
(*) Ռուբէն Յովսէփեան իր թարգմանութիւնը առաջին հերթին հրատարակած էր «Սովետական գրականութիւն» ամսագրին երեք յաջորդական թիւերու մէջ, 1985-ին։

No comments:

Post a Comment