24.7.17

Ռաբիսը

ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ
 
Մայթերին մեքենաների քանակը անցորդների համար դժուարացնում է հանգիստ քայլելը, փողոցի՝ իրենց բաժին հասնող մասը չի բաւարարում, ստիպուած մի կերպ անցնում ես դրանց արանքներով: Շոգը քաղաքի անհանգիստ ու փնթի առօրեան ավելի է ընդգծում: Մի կողմից ջուր է մայթերով հոսում՝ ոչ մէկին չի հետաքրքրում, օրեր շարունակ ջուրը գնում է,- ցեխաջրերը պիտի զգոյշ շրջանցես, միւս կողմից՝ ճանապարհին դէս ու դէն շաղ տուած աղբակոյտերին ուշադրութիւն պիտի չդարձնես. աչքդ, սովոր է. բայց այ շնչել այն՝ այս ամառուայ տապին, անհնար է, սրան ընտելանալ չի լինում: Յետոյ մօտենում ես վատագոյնին՝ կանգառին, երկար սպասում ես: Վերջապես յայտնւում է երթուղային տաքսին, փորձում ես նստել, խցկուելու տեղ չկայ, բայց յաջորդ 40 րոպէները եւս արեւի տակ անցկացնելու հեռանկարը աւելի վախեցնող է թւում: Երթուղայինը մի կերպ քարշ է տալիս կիսամաշ մարմինը, ուղեւորներին էլ՝ հետը: Չնայած բեռը ծանր է, բայց իւրաքանչիւր անգամ բարեխիղճ կանգառում է, ուղեւոր վերցնում. զարմանալի մոգական-առաձգական է նրա այդ փոքրիկ տարածքը: Մարդիկ կուչ եկած սեղմուել են իրար, շոգը մոռացել են, այնպէս են փարուել իրար՝ ասես վերահաս վտանգի առաջ միմեանցից փրկութիւն ակնկալելիս լինեն: Լուռ են: Յանկարծ մի երկուսը ընդվզում են՝ կանայք, ի հարկէ: Նրանք երջանիկ նստածներից են, բայց ինչի՞ վրայ են՝ ուղղակիօրէն անբարձիկ նստատեղի երկաթաձողերի վրայ են տեղ զբաղեցրել: «Բա վարորդը չի՞ տեսնում մեքենայի այս վիճակը, վաղուց արդէն այս մեքենան դէն նետելու բան է», -բողոքում են: Այդ էր պակաս, որ ուղեւորը ձայն հանի. վարորդի ջղերը տեղի են տալիս, պոռթկում է՝ «Ի՛նչ էք ձէններդ գլուխներդ գցել՝ էդ իմ գործը չի, գնացէք տէրերին բողոքէք, չէք ուզում, մի՛ նստէք»: Սովորական վիճակ. շատ երթուղայիններ են այսպէս դուրս գալիս երթուղի, մի անգամ նոյնիսկ դրանցից մէկի դուռը չէր բացւում՝ վարորդը, որ «բարեբախտօրէն» կողքին երկաթէ հաստ ձող էր պահում, դուրս եկաւ եւ ուղղակիօրէն հարուածելով դրանը՝ բացեց, այլապէս մէջն էինք մնալու:
Դեռ լաւ է, որ վերջին շրջանում ծխող վարորդի գրեթէ չես հանդիպի: Բայց հանրային տրանսպորտի մէկ այլ «բաղկացուցիչ» մաս, արդէն նորմ դարձած, շարունակւում է: Սա անգամ քննարկման նիւթ դարձաւ քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ՝ արդեօք հանրային տրանսպորտում երաժշտութիւն հնչեցնելը նորմա՞լ է. եթէ՝ այո, ապա՝ ի՞նչ երաժշտութիւն, ըստ վարորդի նախասիրութեա՞ն: Իսկ ուղեւորների իրաւու՞նքը. որքանով են տեղին կամ հաճելի, օրինակ՝ վաղ առաւօտեան երթուղայիններում կամ աւտոբուսներում բարձր հնչող քէֆ-ուրախութեան մեղեդիների՝ հարսանիք յիշեցնող մթնոլորտը, կամ էլ հակառակը, օրինակ՝ ինչ-որ մէկի՝ կեանքի անցողիկութեան ու մօտալուտ վախճանի ու այս ֆոնի վրայ ծնողին անարդարօրէն մոռանալու մեղանչողի դառնաղի մրմունջները:
Եթէ անկեղծ, ես ոչ թէ վատ եմ զգում սրանից, թող ներուի՝ սրտխառնոց եմ ունենում: Ու այս կլկլոցները՝ տխուր, թէ ուրախ նոտաներով, ամէնուր է, խանութ ես մտնում՝ տնտեսական, մթերային, նոյնն է, հացի կրպակ՝ նոյնն է, սրճարան՝ նոյնն է, տաքսի՝ նոյնն է, ճարահատ ասում ես՝ թէ սրա պատճառով այլեւս այստեղից գնումներ չես անելու, դուք մտածէք՝ մշտական յաճախորդ կը կորցնէք: Աղջիկը ժպտում է՝ թէ ռադիօ է, նրանք են հաղորդում այսպիսի երգերը:
Եկանք հասանք, կարեւորին: Այս երաժշտութիւնը, որ ռաբիս ենք կոչում, մեզ պարտադրւում է վերեւից, ռադիո-հեռուստատեսութեան մակարդակով: Բանն այնտեղ է հասել, որ ԱԺ վերջին ընտրություններին՝ պատգամաւորական մի թեկնածուի Հանրային հեռուստատեսութեան լրագրողը հարց է տալիս, կարծես խոստովանանք՝ թէ ռաբիս թաքուն լսում է՞ք: Ուրեմն որքան անպատուաբեր ու ամօթալի բան, որ իրեն քիչ թէ շատ զարգացած համարող մարդը թաքուն պիտի դա անի, եթէ ունի դրա պահանջը...
Պլեբէյական մշակոյթը ներքեւի սանդղակներից բարձրացել, հասել է վեր՝ ոչ միայն երաժշտութեան մէջ, ամէնուրեք այդպես է: Ասում են՝ հայերի մեծ մասի երաժշտական նախասիրութիւն-ճաշակը դա է՝ կիսաթուրքական, կիսաարաբական մեղեդիների անհասկանալի այդ կոյտը, որ այսօր հնչեցւում է ամէնուր: Սա այն եզակի դէպքերից է, երբ ափսոսանքով ես յիշում խորհրդային այն տարիները, երբ դպրոցներում աշակերտներին, ցածր դասարաններից սկսած, տրամադրում էին դասական երաժշտութեան, օպերային ներկայացումների աբոնեմենտներ՝ տարվա կտրուածքով: Այն ժամանակներում այդպիսին էր մշակութային պրոպագանդը, կրթութիւնը, այդպիսի ճաշակ էր սերմանւում՝ այդպիսի կրթութիւն էր տրւում՝ անհատի հոգեւոր-մշակութային աճին ուղղուած: Արուեստի գնահատման չափանիշներն էին տարբեր, արժէքներն էին այլ, ներքեւից փորձում էին վերեւ բարձրացնել, եւ ոչ՝ հակառակը:
Ցաւալին այն է նաեւ, որ սա տարածւում է օտար շրջանակներում նոյնպէս, մեր արտագաղթած որոշ հայրենակիցներ օտարին փորձում են հայ մշակոյթը ճանաչելի դարձնել այսպիսի օրինակներով: Վերջերս Շուէյցարիայում բնակուող մի հայաստանցի, որից կիրթ անձնաւորութեան տպաւորութիւն եմ ստացել, խօսք բացեց հայ երգչի մասին, որի կատարումներից մէկը դարձել է շատ եւրոպացիների համար սիրելի: Երգի անգլերէն հատվածը ռէյփ ոճի մէջ է, հայերէն մասը՝ կլկլացնող ռաբիս է: Ասում էր, թէ հպարտութեան զգացում է ունենում, երբ Բազէլի կամ մէկ այլ եւրոպական քաղաքի փողոցներում, մեքենաներից Սպիտակցի Հայկոյի այս երգն է լսւում, որ Հայաստանը, հայ երգն ու երաժշտութիւնը նրա միջոցով ճանաչելի է դառնում (*): Երբ փորձում ես հակադարձել՝ ասելու, թէ մենք հպարտանալու իսկապէս արժանի արուեստագէտներ ունենք դրսում,- անուններ՝ ինչու ոչ. երիտասարդ կատարողներ՝ սոպրանօ Անուշ Յովհաննիսեան՝ Լոնդոնի արքայական օպերային թատրոն, Սերգէյ Խաչատրեան, Տիգրան Համասեան եւ ուրիշներ, արագ ընդմիջւում է խօսքդ, թէ նրանց լսում են քչերը, բայց, ա՛յ, այս մյուսին՝ հազարաւորներ, նոյնիսկ միլիոնաւորներ... Եւ այս երաժշտութեան, այս երգերի միջոցով օտարների մօտ այն կարծիքն է ձեւաւորւում, թէ հայկականը հենց սա է: Սրանցից ու էլ չգիտես ինչերից ենթադրութիւն է արւում, որ մեր կենցաղը, վարք ու բարքը նման է մուսուլմաններին, նաեւ, որովհետեւ հայերը միշտ ապրել են պարսկա-թուրքա-արաբական մշակոյթի, կեանքի հետ խառնուած, նրանց հարեւանութեամբ, եւ ահա այսպիսի երգերն էլ դրա վկայութիւնն են: Մի փոքր աւելի մեր պատմութիւնն իմացողին (վստահաբար՝ Հայոց եղեռնի շրջանակներում միայն, մանաւանդ եթէ այստեղից գնացած հայերի հետ մտերմութեան մէջ է) դժուար է լինում համոզել, թէ որն է հայկական իսկական, մաքուր երաժշտութիւնը՝ ի՜նչ Կոմիտաս, ի՜նչ Եկմալեան, ի՜նչ Խաչատրեան...
Ռաբիսը տարերքի մէջ է այսօր, ռաբիսը իշխում է, ռաբիսը ամէնուրեք է, ռաբիսը մտածողութիւն, կենսակերպ, աշխարհայեացք է ձեւաւորում: Էլ չգիտեմ՝ ե՞րբ ենք նորից մաքրուելու, վերակրթուելու, վերագտնելու ինքներս մեզ, գիտակցելու, ճանաչելու մեր մաքուր, զտարիւն մշակոյթը, երաժշտութիւնը, գնալու դրա՛ հետքերով...

«Ազգ-Մշակոյթ», 21 Յուլիս 2017

-------------------------
(*) Թերեւս ասիկա նոյն երգն է, որ վերջին ամիսներուն հաւանաբար «ազգային հերոս»ի տիտղոսին արժանի դարձուցած է Super Sako անունով երգիչը, որուն «Մի գնա» երգի մեկնաբանութիւնը (հեղինակութիւն՝ Սպիտակցի  Հայկոյի) լայն ժողովրդականութիւն շահած է Թուրքիոյ մէջ, ու լայն ափսոսանք պատճառած... Ատրպէյճանի մէջ («Հայկականք»)։

No comments:

Post a Comment